Թուրքիային անհրաժեշտ են F-35 կործանիչներ. Էրդողան
Ցամաքային ուժերի զինվորական ուսումնարանի կողմից Բալըքեսիրում կազմակերպված ավարտական միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք կարևոր հայտարարություններով է հանդես եկել:
Նախագահ Էրդողանն անդրադարձել է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնագրի խախտմանը: Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին մինչ այդ վճարել էր 900 մլն դոլար: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նա ելույթում նշել է. «Թուրքիային անհրաժեշտ են F-35 կործանիչները: Եթե չստանանք, այլ տեղից կգնենք կամ էլ ինքներս կարտադրենք»:
Նախագահը խոսքում նկատի է առել այն, որ ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) չի վաճառել իրենց, բայց այսօր իրենք են արտադրում դրանք և ահաբեկիչներին դրանցով հարվածում:
Ինչ վերաբերում է ԱՄՆ դոլարի դիմաց ազգային արժույթի` թուրքական լիրայի փոխարժեքի տատանումներին, Էրդողանն այն համարել է իր երկրի դեմ ուղղված խաղ: