Թուրքիայում տնտեսական ճգնաժամի համար Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի մասին, դրա համար մեղադրել է արտաքին ուժերին ու հատկապես՝ ԱՄՆ-ին։
Ինչպես գրում են թուրքական լրատվականները, Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել է, որ նման դժվարություններն իրենց չեն վախեցնում։
«Հիմա էլ նրանք փորձում են տնտեսության միջոցով մեզ նեղը գցել։ Իհարկե, Թուրքիայի տնտեսության մեջ կան կառուցվածքային խնդիրներ, մենք գիտենք այդ մասին, ու այժմ աշխատում ենք դրանց շտկման ուղղությամբ։ Սակայն վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները վերը նշված խնդիրներից որևէ մեկի հետ կապելը ճիշտ չէ։ Մեր ստեղծած հիմքերն ունակ են հաղթահարելու այս ամենը, ունեն այդ ուժը, և ես դրան հավատում եմ», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ առկա սպառնալիքները չեն ստիպի Թուրքիային հետ կանգնել կամ վախենալ։ Ըստ նրա՝ «նրանք» դեռ լավ չեն ճանաչում թուրքերին։
«Բոլորը կտեսնեն, որ Թուրքիան այլընտրանք չունեցող երկիր չէ։ Ոչ մի բառերով չես կարող նկարագրել մի երկրի արածը, որը ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող իր ռազմավարական գործընկերոջ հանդեպ նման մոտեցում է ցուցաբերում։ Ես սա շատ բացահայտ ու հստակ եմ ասում․ այս սպառնալիքներով անհնար է մեզ ստիպել հետքայլ անել։ Մենք այնպիսի մի պատմության կրող ենք, որ նման սպառնալիքներով մեզ չեն կարող վհատեցնել։ Փաստորեն, նրանք այս ժողովրդին դեռ չեն ճանաչում, կճանաչեն։ Մեզնից մեկը մահանում է՝ փոխարենը հազարը հարություն է առնում», - հայտարարել է Էրդողանը։