ԵՄ բնակիչները կողմ են քվեարկել ձմեռային ժամանակի անցումը չեղարկելուն
Եվրոպացիների 80 տոկոսից ավելին կողմ են քվեարկել ձմեռային և ամառային ժամանակների անցումը չեղարկելուն: Корреспондент-ի փոխանցմամբ՝ նման արդյունք է ցույց տվել Եվրահանձնաժողովի անցկացրած հարցումը:
«Գուցե, շուտով մենք չփոխենք ժամերը տարեկան երկու անգամ: Համենայն դեպս, այդպես են ցանկանում հարցմանը մասնակցած ԵՄ քաղաքացիները: Նրանց մեծամասնությունը կցանկանար, որ մշտապես լիներ ամառային ժամանակը», - գրում է գերմանական աղբյուրը՝ մասնավորեցնելով, որ հարցմանը մասնակցած 4.6 մլն մասնակցից 3 մլն-ը Գերմանիայից է եղել:
Գարնանը նման հարցում անցկացվել է Գերմանիայում, և այն ժամանակ ժամասլաքի տեղաշարժին դեմ է հանդես եկել գերմանացիների 73 տոկոսը: Որպես փաստարկ նրանք նշել են ինքնազգացողության վատթարացումը՝ պայմանավորված աշխատանքային ու ոչ աշխատանքային գրաֆիկը փոխելու անհրաժեշտությամբ:
Եվրահանձնաժողովի հարցման արդյունքները չեն պարտադրում իրականացնել այն, սակայն հաշվի կառնվեն հարցի քննարկման ժամանակ: Սեպտեմբերի 12-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կհայտարարի ամառային և ձմեռային ժամերի անցումը չեղարկելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մեկնարկի մասին: