«Մենք դեմ առ դեմ ենք կանգնած մի մեծ անխղճության հետ». Կարո Փայլան
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանն առաջին անգամ հարցազրույց է տվել լրատվամիջոցներին նախորդ շաբաթ Ստամբուլի կենտրոնում «Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնության ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախումից հետո։
Ինչպես գրում է T24 կայքը, Փայլանը նշել է, որ ոստիկաններն իսկապես վատ են վերաբերվել ակցիայի մասնակիցներին, իսկ ինքն այդ վայրկյանին մոռացել է իր պատգամավոր ու, առհասարակ, քաղաքական գործիչ լինելու մասին՝ փորձելով պաշտպանել ընկերներին ու ակցիայի մասնակիցներին։
«Այնտեղ չկար Կարո Փայլան, Հյուդա Քայա, կամ Ահմեդ Շըք։ Բոլորս այդ պայքարի մեջ զինվոր էինք։ Մենք դեմ առ դեմ ենք կանգնած մի մեծ անխղճության հետ։ Մենք շարունակելու ենք դիմադրել այդ ամենին», - ասել է Փայլանը՝ նշելով, որ անկախ ներքին գործերի նախարարի սահմանած արգելքից՝ «Շաբաթօրյա մայրերի» ակցիաները կշարունակվեն։
«Նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությունից երևում է, որ «Շաբաթօրյա մայրերի» 701-րդ ակցիան նույնպես արգելվելու է։ Սակայն մենք կրկին կշարունակենք լինել այնտեղ։ Ինչ-որ ասեն մայրերը՝ այն էլ կանենք, նրանց կողքին կլինենք»,- ասել է հայազգի պատգամավորը։
«Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնությունն իրենից ներկայացնում է 1980-90-ական թվականներին՝ քրդական շարժման լարված ժամանակաշրջանում կալանավորված ու բանտերում անհայտ կորած կամ քաղաքական սպանությունների զոհ անձանց մայրերի բողոքի ակցիաները, որոնք անցկացվում են 1995-ից ի վեր ամեն շաբաթ օր՝ Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի դիմաց։