Պուտինը հայտարարել է, որ կանանց կենսաթոշակային տարիքը կբարձրացվի ոչ թե մինչև 63 այլ 60 տարեկան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կենսաթոշակային բարենորոգման նախագիծը կսրբագրվի. մասնավորապես, կանանց համար կենսաթոշակային տարիքը կբարձրացնեն ոչ թե մինչև 63 տարեկան, ինչպես սկզբնապես պլանավորվել էր, այլ մինչև 60 տարեկան: Այս հայտարարությունը նա արել է իր հեռուստաուղերձում, որի սղագրությունը զետեղված է Կրեմլի կայքում։
Բացի դրանից, Պուտինն առաջարկել է սահմանել նախակենսաթոշակային տարիք հասկացությունը՝ հինգ տարի մինչև թոշակի գնալը: Նախակենսաթոշակային տարիքի քաղաքացիների համար նա հանձնարարել է մշակել որակավորման բարձրացման հատուկ ծրագիր:
Նախագահը նաև կոչ է արել կենսաթոշակների նշանակման գործող պայմանները պահպանել Հյուսիսի բնիկ փոքրաթիվ ժողովուրդների համար: Սկզբնապես առաջին ընթերցմամբ Դումայի կողմից հավանության արժանացած օրինագծի պարամետրերն այսպիսին էին. կանանց համար կենսաթոշակային տարիքը պետք է 55-ից աճեր մինչեւ 63, տղամարդկանց համար՝ 60-ից մինչև 65 տարի: Երկրորդ ընթերցումը պլանավորված է սեպտեմբերին: