Թուրքիայի ԱԳՆ-ն խոր ափսոսանք է հայտնել Մակրոնի խոսքերի առնչությամբ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության անհնարինության մասին հայտարարություններին, գրում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը։
Մակրոնը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները հակաեվրոպական ու պանիսլամիստական քաղաքականություն են որդեգրել և որ նման պայմաններում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցելն իմաստ չունի։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ թուրքական կողմը խոր ափսոսանք է հայտնել Մակրոնի խոսքերի առնչությամբ ու հիշեցրել, որ Թուրքիան ԵՄ-ի հետ բազմակողմանի համագործակցության մեջ է թե՛ ահաբեկչության, թե՛ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի շրջանակում:
Հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիան չեղարկել է հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմն ու բռնել նոր բարեփոխումների ուղին։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ուշադրություն է հրավիրել Մակրոնի կիրառած եզրույթներին՝ կապված իսլամի ու իսլամիստ ծայրահեղականության հետ՝ շեշտելով, որ սխալ են համարում «չարիքը որևէ կրոնի հետ կապելը»։