Ազգային պատկերասրահի մուտքի մոտ արձաններ տեղադրելու հարցը հանրային քննարկման կդրվի
Հայաստանի ազգային պատկերասրահի և Պատմության թանգարանի մուտքի աջ և ձախ կամարների տակ արձաններ տեղադրելու հարցը պետք է հանրային քննարկման դրվի:
Այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:
«Հայաստանի ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի մուտքին արձաններ տեղադրելու վերաբերյալ մեզ դիմում էր եկել, որին կցված է եղել թամանյանական էսքիզային նախագիծը: Համաձայն դրա՝ պատկերասրահի այդ հատվածում նախատեսված է ունենալ արձաններ»,- նշեց Մակունցը։
Նա նշեց, որ այդ նախագծի շրջանակում չի տրվել գիտամեթոդական նիստի եզրակացություն կամ արձանագրություն, այլ գիտամեթոդական նիստն առանձին քննարկման փուլում քննել է հարցը: Արդյունքում պարզ է դարձել, որ սկզբունքորեն այդտեղ չկա որևէ իրավախախտման հանգամանք, և այդպիսով նիստը չի առարկել այն գաղափարին, որ այդտեղ կարելի է արձաններ տեղադրել: Կա մեկ պայման՝ արձանները պետք է համապատասխանեն որոշ չափանիշների:
«Մենք շատ սկզբունքային մոտեցում ունենք այս հարցում՝ հանրապետական նշանակության արձանները, հուշարձանները, չեն կարող տեղադրվել առանց լայն շերտերի հետ հանրային քննարկման, համապատասխան գերատեսչությունների հետ քննարկման, առանց կառավարության որոշման։ Հրապարակում զբոսնելիս հնարավոր է տեսնել պատվանդաններ, որոնք արդեն ոչ բարվոք վիճակում են, 50 տարի շարունակ տեղադրված են եղել, ինչը ևս փաստում է, որ արձանների տեղադրումը նախկինում նախատեսված է եղել»,- ասաց Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով, հանրային քննարկմանը պետք է դիտարկել, թե որ արձաններին պետք է նախապատվություն տալ։