Կբարձրանա՞ն Մշակույթի նախարարության աշխատակիցների աշխատավարձերը. Լիլիթ Մակունցը պարզաբանեց
Ֆինանսների նախարարությունից չունենք այն տեղեկությունը, որի հիման վրա կատարվեն աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Նախարարը հավաստիացրեց՝ ինքը շահագրգիռ է, որ այս ոլորտում աշխատավարձերը բարձրանան, սակայն Ֆինանսների նախարարությունից չունեն այն տեղեկությունը՝ արդյոք մյուս տարվա բյուջեն մնալու է նույնը, թե ավելանալու է, որ դրա հիման վրա կատարվեն աշխատավարձերի բարձրացում։
Նա հայտնեց, որ որոշակի օրենսդրական եւ իրավական փոփոխություն են պատրաստում, որ ՊՈԱԿ–ի և մշակութային կառույցի տնօրենն իր իրավասության շրջանակներում կարողանա արտաբյուջեի հասույթների հաշվին եռամսյակը մեկ կամ ամիսը մեկ լրացուցիչ աշխատավարձ կամ պարգեւատրում տրամադրել աշխատողներին։
Մակունցը հավաստիացրեց՝ առաջին իսկ հնարավորության դեպքում աշխատավարձերը բարձրանալու են։
Նա անդրադարձավ նաեւ Մշակույթի նախարարությունում աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդրին, նշեց, որ անհրաժեշտություն կա որոշակի բարեփոխումներ մտցնել, աշխատանքը լավացնելու համար։
Նախարարը հավելեց, որ կազմակերպական կառուցվածքի փոփոխություններն անհրաժեշտ են բաժինների հստակ գործառույթների սահմանման առումով, քանի որ բաժիններ կան, որոնց վրա պատասխանատվությունը շատ ավելի շատ է, քան մյուսների, բաժիններ կան որտեղ ավելի շատ աշխատողներ կան, քան մյուս բաժիններում, նախկինում եղել են դեպքեր, երբ երկու բաժին իրարից անկախ նույն գործառույթը են կատարել, իրարից անկախ նույն միջոցառումին են պատրաստվել։