Կոչումների ինստիտուտը որոշ դեպքերում արժեզրկվել է. Լիլիթ Մակունց
Կոչումների ինստիտուտը որոշ դեպքերում արժեզրկվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
«Կոչումների նկատմամբ քաղաքականությունը պետք է մշակի եւ իրականացնի ընդհանուր կառավարությունը, քանի որ դրանք վերաբերում են ոչ միայն մշակույթին, այլ նաեւ բժշկությանը, սպորտին և այլն։ Այն, ինչ կարող ենք անել մենք հիմա, երբ դեռևս վերջնական քաղաքականություն և որոշում այդ առումով չունենք, խստորեն հետեւելն է այն բոլոր ընթացակարգերին, որով տրամադրվում են կոչումները։
Նախ պետք է անկախ գործեն այն բոլոր հանձնաժողովները, որոնք քննում են հայտերը։ Եթե հետևենք ընթացակարգերին եւ ապահովենք հանձնաժողովների ազատ եւ արդար որոշումների կայացման գործընթացը, վստահ եմ, որ շատ հարցեր կլուծվեն»,–նշեց նա։
Նախարարը շեշտեց, որ պետք է որոշակի գիտակցական մոտեցում ցուցաբերել. «Եթե մենք դիմում ենք վաստակավորի կոչմանը, արդեն իսկ բառը հուշում է, որ տարիների փորձառության, ավանդի ու վաստակի մասին է խոսքը»։