ՄքՔեյնին Սենատում կարող է փոխարինել նրա այրին
Օրերս կյանքից հեռացած ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնի կինը՝ Սինդի ՄքՔեյնը, կարող է փոխարինել հանգուցյալ ամուսնուն Արիզոնա նահանգից սենատորի պաշտոնում։
Այդ մասին գրում է The New York Times հեղինակավոր պարբերականը՝ հղում անելով Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսիին մոտ աղբյուրների։
2016 թվականին ՄքՔեյնը վերընտրվել է սենատորի պաշտոնում 6-ամյա ժամկետով, այժմ նահանգապետը մոտ ապագայում պետք է նրան փոխարինող անձի նշանակի։
Բացի Սինդի ՄքՔեյնից՝ Դյուսին դիտարկում է նաև Արիզոնայից նախկին սենատոր Ջոն Քայլի և Ներկայացուցիչների պալատում Արիզոնան ներկայացրած երկու նախկին անդամի՝ Ջոն Շադեգի ու Մեթ Սալմոնի թեկնածությունները։
ԱՄՆ սենատի համար մեծ նշանակություն ունի, թե ով կհաջորդի ՄքՔեյնին, քանի որ այստեղ Հանրապետական կուսակցությունն առավելություն է պահում միայն մեկ ձայնի առավելությամբ։ ՄքՔեյնին կարող է փոխարինել նրա գաղափարակիցը՝ շարունակելով քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն կարող է լինել նաև այլ թեկնածու, ով կլինի նախագահի հավատարիմ աջակիցը։
Արդեն հայտնի է, որ նոր սենատորի անունը չի հայտարարվի մինչև ՄքՔեյնի հուղարկավորությունը, որը նախատեսված է սեպտեմբերի 2-ին։