Մշակույթի նախարարը Լիլիթ Մակունցը ներկայացրեց թերացումների պատճառը
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը օգոստոսի 27-ին պաշտոնավարման 100 օրվա ամփոփման մամուլի ասուլիսին անդրադարձել է Մշակույթի նախարարության թերացումների մասին հարցին։
Նախարարը, մասնավորապես, թերացումները պայմանավորել է ամեն օր ունեցած իր տագնապի զգացողությամբ. «Ամեն օր տագնապի զգացողություն եմ ունենում, որ ինչ–որ բաներ չեմ հասցնում։ Չնայած օրվա ընթացքում բավականին շատ ժամեր եմ հատկացնում աշխատելու համար, անընդհատ ունենում եմ տագնապի զգացողությունը, որ ինչ–որ բան չեմ հասցնում։ Թերացումները, թերեւս, պայմանավորված են դրանով։
Չէի ասի թերացում, բայց աշխատանքները այն փուլում, որ ես կուզեի ավարտված լինեին, դեռեւս ավարտված չեն, մասնավորապես, COAF–ի հետ համագործակցության վերջնականացումը։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ աշխատանքները սկսենք նաեւ մարզային կենտրոններում, մասնավորապես, Տավուշի մարզում սկսենք ստեղծարար կենտրոնների բացումը, սակայն հուշագրով դեռ չենք ամրագրել, որը տեղի կունենա շուտով»,–նշեց նա։
Լիլիթ Մակունցը շեշտեց ՝ պարբերաբար ինքնաքննադատությամբ է մոտենում, փորձելով հասկանալ՝ էլ ինչ կարելի է անել, էլ որ հարցերին պետք է անդրադառնալ։