«Վեոլիա ջուր»-ը, 3.7 մլրդ դրամը, փարիզյան շրջագայությունն ու սակագնի բարձրացումը
Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Վեոլիա ջուր»-ը, 3.7 մլրդ դրամը, փարիզյան շրջագայությունն ու սակագնի բարձրացումը...
Ընկերներ, ինչպես գիտեք, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը տրամադրել եմ տվյալներ, ըստ որի հաստատվել է, որ«Վեոլիա ջուր» ՓԲԸ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանն ու ընկերության ևս երկու աշխատակից փոխկապակցված անձանց ՍՊԸ-ների հետ կնքել են գնումների և ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ 3.7 մլրդ դրամի շրջանակներում յուրացնելով առանձնապես խոշոր չափի գումարներ։ Հարուցվել է քր. գործ։ Գնումների մասով ուսումնասիրությունները կատարել եմ իմ ընկեր և գործընկեր Արտակ Մանուկյան հետ։
Բացի այդ, Գոռ Գրիգորյանն ու ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 պաշտոնատար անձանց համար ընկերության միջոցներով կազմակերպել են շուրջ 17 մլն դրամ արժողության փարիզյան շրջագայություն, որից հետո 22.11.2017թ. հանձնաժողովը հաստատել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ՝ խմելու ջրի սակագինը 11.4 դրամով բարձրացնելու և այն 180-ից 191.4 դրամի հասցնելու հայտը։
Ասել եմ և կրկնում եմ՝ ՀՀ-ից գողացված միջոցները գետնի տակից էլ լինի, հանելու ենք։ Սակագնի ցանկացած բարձրացում պետք է լինի հիմնավորված և արդարացված։ ՀՀ քաղաքացին պետք է հստակ իմանա՝ ինչի համար է վճարում ավելի թանկ և ինչու, ինչի համար է վճարում ավելի էժան և ինչու։
Վստահ եղեք՝ ՀՀ-ն չհաջողելու հնարավորություն չունի, կոռուպցիան ՀՀ-ում արմատավորվելու շանս չունի, ՀՀ քաղաքացին մայիսի 8-ին մեկնարկած հաղթարշավը չշարունակելու շանս չունի։ Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։