Կբեմադրվեն Սարոյանի երբևէ չտպագրված պիեսները. համաշխարհային պրեմիերա
Վիլյամ Սարոյանի՝ երբևէ չտպագրված պիեսներից որոշ հատվածներ սեպտեմբերի 15-ին կբեմադրվեն Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում:
Հանրահայտ ռեժիսոր Արամ Կույումջյանի «Վիլյամ Սարոյան. Չտպագրված պիեսների ներկայացում» նախագիծը կներկայացվի տաղանդավոր Վիստա Փլեյերս թատերախմբի կողմից, հաղորդում է Armenian Mirror Spectator-ը:
Կույումջյանը դրանք բեմադրելու հատուկ թույլտվություն է ստացել Սթենֆորդի համալսարանի կողմից, որտեղ պահվում են ձեռագրերը: Պիեսների շարքը ներառում է «Հայկական պիես», «Հայաստանի տունը» և «Ուզենք, չուզենք՝ հայ ենք» ստեղծագործությունները, որոնցում արծարծվում են մի շարք թեմաներ, ներառյալ՝ գաղթականի կյանքը, ցեղասպանության վիշտը և հայրենադարձության գաղափարը:
Կենտրոնական գրադարանում ներկայացումը կբեմադրվի որպես «Պատրաստված է Լոս Անջելեսում» շարքի մի մաս՝ քաղաքի խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի համաֆինանսավորմամբ: Վերջինը Լոս Անջելեսի խորհրդում Սարոյանի մասին հատուկ ելույթով հանդես կգա օգոստոսի 31-ին, ինչպես նաև ներկայացման օրը՝ Կենտրոնական գրադարանում:
Օգոստոսի 31-ին լրանում է Սարոյանի 110-րդ տարեդարձը. այդ առիթով կներկայացվեն դրամատուրգի անհայտ ստեղծագործությունները Կալիֆորնիայում հարավային եւ կենտրոնական մասերում, հավելյալ ներկայացումներ կլինեն նաև Ֆրեզնոյում, Օրինջ Քաունթիում, Լոս Անջելեսում: Կենտրոնական գրադարանում մուտքն ազատ է լինելու: