ԱՄՆ դեմոկրատ սենատորները պահանջում են մանրամասներ ներկայացնել Պուտին-Թրամփ փակ հանդիպումից
ԱՄՆ դեմոկրատ սենատորներից երկուսը ճնշում են գործադրում պետքարտուղար Մայք Պոմպեոյի վրա, որպեսզի վերջինս բացատրի, թե Հելսինկիում հուլիսին կայացած փակ գագաթնաժողովում ինչ խոստումներ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինչպես գրում է Bradenton Herald-ը, Նյու Ջերսի նահանգը ներկայացնող սենատոր Բոբ Մենենդեսը փորձում է հասնել նրան, որ Պոմպեոն միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովին տրամադրի Թրամփի ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև երկու առաջնորդի հանդիպման ժամանակ գրանցված քաղաքական որոշումներն ու գաղտնի հաղորդումները:
Այդ պահանջին է միացել Նյու Հեմփշիր նահանգը ներկայացնող Ժաննա Շահինը, որը վերջերս հաքերային հարձակումների զոհ էր դարձել, որոնք, իր կարծիքով, իրականացվել են Ռուսաստանից: