Գերմանացի քաղաքական գործիչը մտահոգվել է, որ Գերմանիան շարունակում է կանոնավոր և անմիջական շփումն Ադրբեջանի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին Գերմանիայի դաշնային կառավարության՝ մարդու իրավունքների հարցով լիազոր Բերբել Կոլֆերը խոսել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված չգոհացնող իրավիճակի մասին:
«Քաղաքացիական իրավունքներն այդ երկրում նախկինի պես սահմանափակ են շատ դեպքերում, ինչպես ԶԼՄ-ների, հավաքների և խոսքի ազատությունը», - DW.com-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչն ասել է գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Կոլֆերը շեշտել է, որ մարդու իրավունքների պահպանման իրավիճակն Ադրբեջանում, ընդհանուր առմամբ, խնդրահարույց է: «Ընդդիմության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին և քննադատական մոտեցում ունեցող լրագրողներին վախեցնում են սպառնալիքներով, ձերբակալություններով, որոշ դեպքերում էլ նաև իշխանությունից կախում ունեցող դատական մարմինների կողմից հետապնդումներով», - ասել է գերմանացի գործիչը:
Կոլֆերն ընդգծել է, որ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ իրեն մտահոգում է, որ Գերմանիան շարունակում է կանոնավոր և անմիջական շփումն Ադրբեջանի իշխանությունների հետ: