Շվեդաբնակ 12-ամյա Անահիտը և հարյուրավոր այլ երեխաներ տառապում են տարօրինակ հիվանդությամբ
Շվեդիայում բնակվող փախստականների հարյուրավոր երեխաների մոտ տարօրինակ առողջական խանգարում է նկատվում, որի ժամանակ վերջիններս գտնվում են այնպիսի վիճակում, ասես, կոմայի մեջ լինեն. չեն ուտում, չեն խոսում և նույնիսկ չեն բացում աչքերը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, այս համախտանիշն ունեցող երեխաները կարող են տարիներով գամված մնալ անկողնուն: Նրանք ֆիզիկապես որևէ առողջական խնդիր չունեն, սակայն ասես կորցրել են ապրելու ցանկությունը: Դա նյարդաբանական հիվանդության դրսևորում է:
Ինչպես պարզել է հետազոտությունը, նման համախտանիշ ունենում են հիմնականում պատանիներն ու երեխաները: Այն պայմանավորված է սթրեսով և կացարան չստանալու հետ կապված հուսահատությամբ:
Պարբերականը ներկայացրել է հայազգի ընտանիքի 12-ամյա աղջկա՝ Անահիտի օրինակը, որը չի խոսում և չի շարժվում: Աղջիկը սնունդ է ստանում հատուկ խողովակի միջոցով: Բժշկի խոսքով՝ դա մի վիճակ է, երբ երեխան կորցնում է հույսը:
Ինչպես աղբյուրը նշում է, Անահիտի հայրը քաղաքական ակտիվիստ է: Անահիտի մոր խոսքով՝ երեխան առավել ինքնամփոփ է դարձել Մոսկվայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ իրեն առևանգել էին, և նա 3 օր ծանր սթրեսի է ենթարկվել: