Երևանում կայացավ հայկական գամփռ ցեղատեսակի շան արձանի բացման արարողությունը
Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ՝ օգոստոսի 23-ին, ՀՀ մայրաքաղաքի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում կայացավ հայկական գամփռ ցեղատեսակի շան արձանի բացման արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանի բացմանը ներկա էին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցի հիմնադրամի վարչության նախագահ Տիգրան Միգդեսյանը, Երևանի Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մոնտե Կառլոյի բալետի թատրոնի մենապարուհի Վիկտորյա Անանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, արվեստի գործիչներ և այլք:
Քանդակի հեղինակ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը բացման արարողությանը նշեց. «Հայկական գամփռի արձան ստեղծելու գաղափարն ինձ մոտ եղել է դեռ մանկուց, երբ հորս հետ գնում էի սարեր և ես անընդհատ այնտեղ տեսնում էի մի շան՝ Չալո անունով, որը շատ ապահով պահում էր ոչխարի հոտը: Շատ տարիներ են անցել, սակայն մինչ այսօր Չալոյի նվիրվածությունը մնացել էր հոգումս: Եվ հանկարծ Հոլանդիայի հայությունը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամն ինձ առաջարկում է քանդակել գամփռի արձանը: Ես շատ մոնումենտալ քանդակներ եմ ունեցել, սակայն այս գամփռ շան կերպարն ստեղծելը յուրահատուկ դժվարություն ուներ: Ես անընդհատ փորձում էի մտաբերել իմ մանկության գամփռին, և այդ կերպարն ինձ հանգիստ չէր տալիս: Մոտ երկու տարի աշխատել եմ այս շանը քանդակելու համար»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում