ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներկրվող ապրանքների համար
Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերը, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 16 մլրդ դոլար, կսահմանվեն օգոստոսի 23-ին։
Առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի աշխատակազմից հայտնել են, որ ցուցակում կներառվի 279 անուն չինական ապրանք, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Մաքսատուրքերի առաջին մասը, որի ներքո են հայտնվել 34 մլրդ դոլարի չափով ապրանքներ, սահմանվել էր հուլիսի 6-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այդ որոշումը կապված է չինական ընկերությունների կողմից ամերիկյան մասնավոր սեփականության եւ տեխնոլոգիաների անօրինական յուրացման հետ, ինչպես նաեւ Պեկինի կողմից կիրառվող անարդար առեւտրային պրակտիկայի հետ։
Ապրանքների ցուցակում, որոնց դիմաց վճարներ կգանձվեն, կներառվեն «Արտադրված է Չինաստանում 2025» գիտատեխնիակական զարգացման ծրագրի շրջանակներում արտադրված ապրանքներ։
Լայթհայզերի աշխատակազմից հայտնել են, որ մաքսատուրքերը կվերաբերեն հիմնականում օդատիեզերական արդյունաբերության արտադրանքներին, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաներին, ռոբոտատեխնիկային, արդյունաբերական սարքավորումներին, ավտոմեքենայաշինությանը։