Դերսիմում արդեն երկրորդ շաբաթն է մեծամասշտաբ անտառային հրդեհներ են. պետությունը չի միջամտում
Թուրքիայի արևելքում գտնվող Դերսիմ նահանգում արդեն երկրորդ շաբաթն է՝ տեղի բնակչությունը սեփական ուժերով փորձում է պայքարել մեծամասշտաբ անտառային հրդեհների դեմ։
Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, հրդեհը շարունակում է տարածվել Դերսիմի լեռներում՝ ոչնչացնելով հազարավոր ծառեր ու հասնելով բնակելի գյուղերին։ Խոշոր հրդեհից փրկվել փորձող դերսիմցիները մեղադրում են երկրի իշխանություններին դիտավորության համար ու պնդում, որ ելնելով ազգային ու կրոնական խտրականությունից՝ ալևիաբնակ Դերսիմի հրդեհաշիջման աշխատանքներին պետական կառույցները դիտավորյալ չեն միջամտում։
Նախօրեին Դերսիմ է այցելել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Սալիհա Այդենիզը, որը լրագրողների հետ զրույցում մեղադրել է թուրքական իշխանություններին «Դերսիմում կյանքը ոչնչացնել փորձելու» համար։
Հայտնի է, որ գյուղացիների՝ հրդեհը մարելու ջանքերին աջակցում են կամավորների բազմաթիվ խմբեր, իսկ սոցցանցերում բացվել է «Դերսիմն այրվում է» հաշթեգը, որով մտահոգ քաղաքացիները կոչ են անում պետական մարմիններին օգնության հասնել Դերսիմի ժողովրդին։