Թուրք-ամերիկյան ճգնաժամին անմիջապես վերջ կդրվի եթե ամերիկացի հոգևորականն ազատ արձակվի. Թրամփի օգնական
Թուրքիայի իշխանությունները կարող են վայրկենապես վերջ տալ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում առկա ճգնաժամին, եթե ազատ արձակեն կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին:
Reuters-ին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Թուրքական կառավարությունը մեծ սխալ գործեց՝ ազատ չարձակելով հոգևորականին: Այդ սխալին հաջորդող բոլոր օրերին ճգնաժամն ավելի է խորանում: Սակայն դրան կարելի է վայրկենապես վերջ տալ, և որպես ՆԱՏՕ-ի անդամ, որպես Արևմուտքի մի մաս՝ առանց նախապայմանի ազատ արձակել քահանա Բրանսոնին»,- ասել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ հոգևորականի կալանքի պատճառով ամերիկյան իշխանությունները կրկնապատկել են Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման մաքսատուրքերը, ինչպես նաև մի շարք պատժամիջոցներ են սահմանել Անկարայի նկատմամբ:
Դրա հետևանքով թուրքական լիրան կտրուկ անկում է արձանագրել ամերիկյան դոլարի նկատմամբ՝ տնտեսական լուրջ ռիսկեր ստեղծելով նաև Թուրքիայի հետ համագործակցող այլ պետությունների համար: