«Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը». Ուկրաինայում ՀՀ դեսպանը հրաժարական է տալիս
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս: Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում:
«Ընկերներ, մինչև իմ արձակուրդի ավարտը դեռ մի քանի օր կա: Համեմատաբար հանգիստ ժամանակի ընթացքում ես ավելի համոզվեցի մի կարևոր որոշման մեջ:
Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը:
Այս որոշումը վաղուց է հասունացել ինձ մոտ և փոքր գաղտնիք բացեմ. վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևան ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժվել եմ:
Հարցը նրանում չէ, որ ես Ուկրաինայում երկու լիարժեք ժամկետ աշխատել եմ Հայաստանի դեսպանի պաշտոնում և անցել եմ արդեն այս պատասխանատու պաշտոնում բոլոր հնարավոր վերջնաժամկետերը: Հարցն այն է, որ այժմ Հայաստանում որակապես բոլորովին այլ իրավիճակ է և ես անկեղծորեն հույս ունեմ, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ՝ աճի և իրացման համար: Հուսով եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ», - գրել է նա: