ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է «ռուս հաքերների» հարձակումների շուրջ Microsoft-ի մեղադրանքներին
Մոսկվան եզրահանգումներ կանի՝ կապված Microsoft-ի հայտարարության հետ առ այն, որ «ռուս հաքերները» փորձել են միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ ամերիկյան ընկերությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ կապ ունեցող հաքերների կողմից նոյեմբերին անցկացվելիք Կոնգրեսի ընտրություններին միջամտելու նոր փորձեր է հայտնաբերել: Microsoft-ի տվյալներով՝ «ռուսական կառավարության հետ սերտ առնչություն ունեցող Strontium (Fancy Bear, APT28) հաքերների խումբը» կայքէջեր և URL-հասցեներ է ստեղծել, որոնք նմանակում էին Միջազգային հանրապետական ինստիտուտի կայքերը, որի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված են 6 հանրապետական սենատոր և ամերիկյան խորհրդարանի թեկնածու:
«Մեծ ցանկության պարագայում անգամ հնարավոր չէ բովանդակալից մեկնաբանություն անել այս հայտարարության վերաբերյալ, որն արվել է առանց որևէ ապացույցների մեջբերման և ակնհայտորեն հիմնված առավելագույն քաղաքական և հանրային «զարմանքի» վրա», - ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ: