«Մեր բրիտանացի գործընկերները չափից դուրս բարձր կարծիք ունեն իրենց մասին». Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ին և ԱՄՆ-ին քաղաքականություն թելադրելու Լոնդոնի ձգտումը բացատրել է բրիտանական իշխանությունների չափից դուրս բարձր ինքնագնահատականով: Այսպես է մեկնաբանել Լավրովն իր բրիտանացի գործընկերոջ՝ Ջերեմի Հանթի ելույթը:
Ավելի վաղ մամուլում տարածվել էր Հանթի՝ Վաշինգտոնում նախատեսված ելույթի տեքստը, որում նա կոչ է անում ԱՄՆ-ին և ԵՄ-ին խստացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները՝ հաշվի առնելով ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման փաստը:
«Մեր բրիտանացի գործընկերները չափից դուրս բարձր կարծիք ունեն իրենց մասին: Մի երկիր, որը հեռանում է ԵՄ-ից, փորձում է ԵՄ-ին արտաքին քաղաքականություն թելադրել: Իսկ հիմա նաև փորձում է թելադրել ԱՄՆ-ին և Եվրոպային, թե ինչպես պետք է վարվել ՌԴ-ի հետ»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Լավրովը նաև հիշեցրել է, որ վերջերս Հանթը չի կարողացել պատասխանել բրիտանացի լրագրողների հարցին, թե ի՞նչ առաջընթաց կա Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի գործով: