Թուրքիայի Պաշտպանության նախարարը ուղերձ է հղել iPhone-ով՝ մոռանալով Էրդողանի կոչի մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կուրբան Բայրամի առիթով զինվորականությանն ուղղված տոնական ուղերձը փոխանցել է բջջային հեռախոսով՝ բարձրախոսի միջոցով։
Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել այն փաստը, որ Աքարի ձեռքին եղել է Apple ֆիրմայի iPhone սմարթֆոն, մինչդեռ օրեր առաջ նախագահ Էրդողանը կոչ էր արել բոյկոտել ամերիկյան էլեկտրատեխնիկան, իսկ մի շարք քաղաքական գործիչներ ու ազգայնական խմբեր հրապարակայնորեն կոտրում էին իրենց iPhone-երը տեսախցիկի առաջ։
«Աքարը զինվորներին տոնական ուղերձը iPhone-ից լսել տվեց», - գրել է T24 կայքը՝ հրապարակելով նաև տեսանյութը, որտեղ հստակ երևում է նախարարի ձեռքի սմարթֆոնը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ:
Ի պատասխան դրա՝ Էրդողանը կոչ էր արել բոյկոլտել ամերիկյան արտադրության էլեկտրատեխնիկան ու մեղադրել էր ԱՄՆ-ին «մեջքից հարված հասցնելու» համար։