Երեք տարվա ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ
Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մինչ այժմ պատարագներ չեն մատուցվել անվտանգության որոշակի նկատառումներով։
Ermenihaber-ի փոխանցմամբ, արդեն բազմաթիվ հայտեր են ստացվել տուրիստական գործակալությունների կողմից, իսկ հյուրանոցներում մարդիկ սկսել են ամրագրման գործընթացները։
Նախորդ տարիներին անցկացված պատարագներին մասնակցել են բազմաթիվ մարդիկ Հայաստանից, Թուրքիայից, Նիդերլանդներից, Ավստրիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։
Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի: