ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած հայը հայտնվել է ստրկության մեջ (տեսանյութ)
Երեք տարի առաջ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած Ավետիք Եղիազարյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել ստրկության մեջ, ընդ որում՝ մեկ անգամ էլ իր հայրենակցի մոտ:
Սկզբում նա աշխատել է Վոլգոդոնսկում, խորոված է պատրաստել բացօթյա սննդի կետերից մեկում: Այնուհետ Ռաֆիկ անունով մի թուրք նրան ավելի լավ աշխատանք է առաջարկել: Եղիազարյանը համաձայնել է ու հայտնվել մի դաղստանցու մոտ: Նրա մոտ Եղիազարյանն առանց վարձատրության աշխատել է 1.5 տարի, հայտնում է «Բլոկնոտ Վոլգոդոնսկ» պարբերականը:
Մի անգամ դաղստանցու մոտ հյուր է եկել ազգությամբ հայ ոմն Արսեն, որը տեսել է Եղիազարյանին և խոստացել օգնել համաերկրացուն: Արդյունքում, սակայն, 50 հազար ռուբլով հայրենակցին վաճառել է մեկ այլ «ստրկատիրոջ»՝ ազգությամբ հայ, 53-ամյա ոմն Արարատ Շ.-ին: Վերջինս զբաղվել է ֆերմերային գործունեությամբ, իսկ մինչ այդ աշխատել է իրավապահ համակարգում: Եղիազարյանը նրա մոտ աշխատել է 7 ամիս:
Պարբերկանը հայտնում է, որ տղամարդը պարբերաբար ենթարկվել է կտտանքների Արարտ Շ-ի և նրա 31-ամյա որդու կողմից: Հայրն ու որդին նրան հաճախակի դաժան ծեծի են ենթարկել, պահել են սոված: Արարատ Շ-ն ու նրա որդին Ավետիք Եղիազարյանին թողել են մայրուղիներից մեկի մոտ այն բանից հետո, երբ իմացել են, որ հարազատները հայտարարություն են տվել ոստիկանություն և որոնում են նրան: ՈՒժասպառ եղած Ավետիք Եղիազարյանը ինքնուրույն կարողացել է հասնել մոտակա բնակավայրը, որտեղից էլ նրան տեղափոխել են Վոլգոդոնսկի հիվանդանոց: Բժշկական հետազոտման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են մի շարք ձեռքբերովի հիվանդություններ:
Եղիազարյանի գտնվելու մասին առաջինը իմացել է նրա մայրը և անմիջապես մեկնել ՌԴ: Տղային տեսնելուց հետո օգնության խնդրանքով նա դիմել է իրավապահներին և լրատվամիջոցներին:
Մանրամասն՝ տեսանյութում