Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերի կալանքը
Մոսկվայում 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար մեղադրվող երեք դուստրերը՝ Մարիան, Քրիստինան ու Անգելինան, ընդունել են իրենց մեղքը։ Այդ մասին տեղեկացրել են աղջիկների փաստաբանները, փոխանցում է РИА Новости գործակալությունը։
Օգոստոսի 20 -ին Խաչատուրյան քույրերը բերվել են դատարան՝ նրանց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննման նպատակով։ Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերի կալանքը։
«Մարիան ցուցմունք է տվել, որը կարելի է համարել խոստովանական։ Սակայն այժմ մենք տալիս ենք առավել ծավալուն ցուցմունքներ, որոնք պատմում են դեպքին նախորդած իրադարձությունների մասին, կարելի է ասել՝ ծննդյան օրվանից սկսած։ Նրա ձեռքում դանակ է եղել, նա պնդում է, որ հասցրել է 5-ից ոչ ավելի հարված։ Միջնեկ քույրը նույնպես հարվածներ է հասցրել։ Փորձաքննությունը դեռ չի ապացուցել, այնպես որ վաղ է խոսել, թե ով որքան հարված է հասցրել և որն էր դրանցից մահացուն»,- նշել է աղջիկներից կրտսերի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։
Խաչատուրյանի ավագ դստեր՝ Քրիստինայի փաստաբանը լրատվամիջոցին հայտնել է, որ իր պաշտպանյալը նույնպես ցուցմունք է տվել, որը կարելի է համարել խոստովանական։
«Քրիստինան հայտնել է միայն, որ փոքրիկ բալոնից գազ է բաց թողել հոր դեմքին», - ասել է 19-ամյա Քրիստինայի պաշտպան Ալեքսեյ Լիպցերը։
Իսկ ահա միջնեկ քրոջ՝ Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինը նշել է, որ իր պաշտպանյալը խոստովանել է իր մեղքը և ցուցմունք տվել, պաշտպանը, սակայն, զերծ է մնացել մանրամասներից։