Ֆրանսիայի նախկին նախագահը հանգստանում է Թուրքիայում
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը` աշխարհահռչակ երգչուհի, ֆոտոմոդել Կարլա Բրունին, իրենց ամառային հանգիստն անցկացնում են Թուրքիայի Մուղլա նահանգի ծովափնյա Բոդրում քաղաքում:
Մշտապես Թուրքիայի դեմ բացասական դիրքորոշմամբ աչքի ընկնող Սարկոզին ամեն տարի իր հանգիստը վայելում է Էգեյան ծովի ափերին: Այս տարի Ֆրանսիայի նախկին նախագահը մնում է Դեմիրջի գյուղում:
Թուրքական լրատվական կայքի թղթակից Հաքան Յաղջըն հայտնում է, որ երեկոյան Սարկոզիին, իր կնոջը և հարազատներին նավ նստելիս է նկատել: Յաղջըն նշում է, որ հյուրանոցի աշխատակիցները վերահսկում են Սարկոզիի անվտանգությունը:
«Blue Scorpion» կոչվող 35 մետր երկարություն ունեցող շքեղ նավի վրա, Սարկոզին, որպեսզի աննկատ մնա լրագրողներից, ակնոց և գլխարկ է կրել:
Նշենք, որ Բոդրումը հայտնի է իր միջազգային բարձր չափանիշներին համապատասխան առողջարաններով և ակտիվ հանգիստ անցկացնելու հնարավորությունների բազմազանությամբ: Հնում Բոդրումի տեղանքում եղել է Կարիայի մայրաքաղաքը՝ Հալիկառնասը: Հալիկառնասյան դամբարանը համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։