Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբների հետ հրադադար կնքելու մասին
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է իսլամական Կուրբան Բայրամ տոնակատարությամբ պայմանավորված «Թալիբան» շարժման հետ հրադադար կնքելու մասին և կոչ է արել թալիբներին փոխզիջման գնալ:
«Քանի որ մոտենում է զոհաբերության տոնը, մենք հայտարարում ենք հրադադարի մասին, որը ուժի մեջ կմտնի վաղը՝ երկուշաբթի… և կշարունակվի մինչև մարգարեի ծննդյան օրը (նոյեմբերի 20) պայմանով, որ «Թալիբանը» կպատասխանի փոխհամաձայնությամբ»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ թվիթերյան իր էջում գրել է աֆղան ղեկավարը:
Բացի այդ, աֆղանների նախագահը ծայրահեղական շարժման ղեկավարությանը կոչ է արել «ողջունել աֆղանների ցանկությունը՝ երկարատև և ամուր հրադադար կնքելու»: «Կոչ ենք անում նրանց պատրաստվել խաղաղ բանակցություններին՝ հիմնվելով իսլամական արժեքների և սկզբունքների վրա»,-ընդգծել է Գանին:
Հունիսին վերջինս հայտարարել էր մեկշաբաթյա միակողմանի հրադադար սահմանելու մասին՝ Ռամադան ամսվա տոնակատարության ավարտի առթիվ: