Ինչ են քննարկել Պուտինն ու Մերկելը
Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Թուրքիան շարունակում են քննարկել սիրիական խնդրի կարգավորումը: Քառյակի ձևաչափը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Որոշվել է այս ձևաչափով երկխոսությունը շարունակել փորձագիտական մակարդակում, օգնականների մակարդակում, որպեսզի, հնարավոր է, առաջիկայում քննարկումների մակարդակը ավելի բարձրացվի», ասել է Պեսկովը՝ պատասխանելով առաջիկայում 4 ղեկավարների գագաթնաժողովի անցկացման հնարավորության մասին հարցին: Նա հավելել է, որ առայժմ այդ մասին որևէ պայմանավորվածություն չկա:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովը հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերի 7-ին, Ստամբուլում: Հանդիպման առաջարկով հանդես էր եկել Թուրքիայի նախագահը:
Մերկել-Պուտին հանդիպմանը անդրադարձ է եղել նաև փախստականների խնդրին: Պուտինը եվրոպական պետությունների ղեկավարներին կոչ է արել ակտիվորեն նպաստել սիրիացի փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը:
Պեսկովը նշել է, որ Պուտինն ու Մերկելը մանրամասն քննարկել են սիրիական խնդիրը: