Մեծահարուստի՝ աղքատ կինը
Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ով այս պաշտոնին եկել է հիդրոէներգետիկայի ոլորտից, չի ներկայացրել ամուսնու` հայտնի գործարար Գրիգոր Գաբայանի պաշտոնական հայտարարագիրը: Այս մասին գրում է Armlur.am-ը:
Նշենք, որ նրա ամուսինը «Հիդրոէներգետիկա» ընկերության սեփականատերն է: Փոխարենը տիկին Գաբայանը իրենն է ներկայացրել, ըստ որի` ունի մեկ հատ ամառանոց, մեկ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան եւ «Volkswagen Passat 1.S.T.» մակնիշի մեկ ավտոմեքենա: Նրա դրամական միջոցը կազմում է ընդամենը 1 մլն դրամ:
Իսկ որպես եկամուտ հայտարարգրել է աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 100 հազար դրամ եւ տրված փոխառությունների դիմաց ստացած 50 հազար 860 եվրո: Մինչդեռ նրա ընտանիքը ներգրավված է հիդրոէներգետիկ բիզնեսում: Ավելին նրանք ընկերություններ ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Բուլղարիայում եւ Ուկրաինայում:
Նրանց պատկանող հայաստանյան ընկերությունները զբաղվում են ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային բեռնափոխադրումներով եւ շինարարական մեքենաների եւ սարքավորանքի վարձույթով ու լիզինգով: Գաբայան ամուսինները կոմիտեն օգտագործում են ի շահ իրենց նպատակների։
Ավելին` ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` Գրիգոր Գաբայանն է կնոջ փոխարեն որոշումներ կայացնում. օրվա մեծ մասն էլ կնոջ աշխատասենյակում է անցկացնում։ Արդյունքում, աշխատակիցները չեն կարողանում իրենց ղեկավարի հետ համագործակցել, կոնտակտի դուրս գալ։