«Պարո՛ն Ջաբրայիլով, կրկին կարող է հայտնվես նույն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես 1992-94 թվականներին». Սենոր Հասրաթյան
Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․
«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։
Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ: