Սիրիայում համատեղ պարեկություն կանցկացնեն ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորականները
ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորականները մոտ ժամանակներս կսկսեն դասընթացներ՝ սիրիական Մանբիջ քաղաքում համատեղ պարեկություն անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքապը, փոխանցում է Риа новости-ն։
«Համապատասխան Մանբիջի վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» սկզբունքների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը շարունակում են իրենց գործունեությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով»,-ասել է նախարարը։
Մանբիջում իրադրության կայունացմանն ուղղված «ճանապարհային քարտեզը» կազմվել է 2016 թվականին։ Համաձայն դրա՝ քուրդ ուժայինները պետք է լքեն քաղաքը, քանի որ Թուրքիայում նրանց համարում են PKK-ի հանցակիցներ։
Նշվում է, որ Սիրիան պաշտոնական թույլտվություն չի տվել Մանբիջում ԱՄՆ-ի և Թուրքիայի ուժերի ներկայությանը։