Ես չեմ գնում Կրեմլ հաշվետվություն ներկայացնելու. Լուկաշենկո
Մենք երբեք որևէ երկրի վասալը չենք դառնա: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Belta-ն:
Նա նշել է, որ ավելի քան 20 տարի ճանաչում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ես ի՞նչ պետք է ցույց տամ Պուտինին: Նա ինձ հոյակապ գիտի: Ես էլ նույնպես գիտեմ նրան: Էլ ի՞նչ պետք է իրար ցույց տանք: Ես չեմ գնում Կրեմլ հաշվետվություն ներկայացնելու: Մենք պայմանավորվել ենք մեր փոխհարաբերությունների մասին: Մեր հարաբերությունները ամենազարգացածն են՝ Բելառուսի և Ռուսաստանի միության»:
Նրա խոսքով, եթե Ռուսաստանը Բելառուսի հետ պայմանագիր է ստորագրել, ապա Մինսկը պահանջում է, որպեսզի այն անթերի կատարվի:
«Եվ ես բացեիբաց ասում եմ, որ մենք երբեք որևէ երկրի վասալը չենք դառնա: Պետք չէ մեզանից պահանջել, ինչպես ոմանք այս թեմայով արդեն գրում են. «Լուկաշենկոն պետք է արագ մտնի Ռուսաստանի կազմ և Բելառուսին այնտեղ ներառի»: Բելառուսում նման որոշում ընդունող քաղաքական գործչի օրերը հաշված կլինեն: Մենք կարող ենք Ռուսաստանի հետ միության կազմում գոյություն ունենալ և մեր ընդհանուր խնդիրները լուծել: Դա մեր ամենամտերիմ երկիրն է: Մենք փաստացի մեկ ազգ ենք: Մենք նույն արմատից ենք՝ բելառուսներ, ռուսներ և ուկրաինացիներ»,-ասել է Լուկաշենկոն, հավելելով, որ Մինսկը չի ցանկանում Ուկրաինայի կրկնությունը: Նրա խոսքով, Ռուսաստանը կայուն Բելառուսի կարիքն ունի