Թուրքիայում իրար են բախվել 32 մեքենա. կա զոհ և վիրավորներ
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգում վթար է տեղի ունեցել ավելի քան 30 մեքենայի մասնակցությամբ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել:
Ինչպես հաղորդում է Daily Sabah-ը, վթարի պատճառ է դարձել մայրուղում բեռնատարից թափված վառելիքը: Բեռնատարը հայտնաբերել դեռևս չի հաջողվել:
Վթարը, որի ժամանակ իրար են բախվել մեկ բեռնատար, երկու ուղևորատար ավտոբուս, երկու միկրոավտոբուս և 27 ավտոմեքենա, տեղի է ունեցել Էսքիշեհիր-Բուրսա ավտոմայրուղու վրա ուրբաթ երեկոյան, երբ պաշտոնապես մեկնարկել են հանգստյան օրերը՝ մուսուլմանական Կուրբան Բայրամ տոնի առթիվ:
Լուրջ վնասվածք ստացած 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մինչդեռ տասնյակ մարդիկ առաջին բուժօգնություն են ստացել դեպքի վայրում: