Ադրբեջանցի սպան զինվորին ինքնասպանության է դրդել
Ադրբեջանի ռազմական դատախազությունը տեղեկատվություն է տարածել՝ կապված զինված ուժերի զինծառայողի մահվան մասին։ Օգոստոսի 8-ին տեղեկություն էր ստացվել, որ զինծառայող Աբիլով Ֆահմինն ինքնասպանություն է կատարել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Զինծառայողի մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Պայմանավորված այն հանգամանքով, որ զինծառայողի ծնողները և հարազատները կասկածում են օբյեկտիվ քննության վրա, քրեական գործը վերցվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության վերահսկողության տակ։ Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալին հանձնարարվել է անձամբ ստանձնել հետաքննության պատասխանատվությունը:
Ստեղծվել է քննչական խումբ, որն ուղարկվել է դեպքի վայր: Զինծառայողի մարմինն ուղարկվել է երկրորդ փորձաքննության` հարազատների մասնակցությամբ: Օգոստոսի 9-ին առողջապահության նախարարության փորձագետները զինծառայողի հարազատների մասնակցությամբ կատարել են մարմնի երկրորդ փորձաքննությունը։ Նախաքննությունը պարզել է, որ զինծառայող Աբիլով Ֆահմինը երկար ժամանակ իր դիրքի հրամանատարի՝ ենթասպա Խալիլով Էլմիրի, և տվյալ դիրքի զինծառայող Սանան Թանրիվերդիևի և Ռաշադ Արազովի կողմից ենթարկվել է նվաստացումների, ծեծի և վիրավորանքների։ Պարզվել է նաև, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում, զինծառայող Թանրիվերդիևը ժամանակից շուտ լքել է հերթապահության վայրն ու այնտեղ թողել է իր զենքը, դրանից հետո Աբիլովն այդ զենքով ինքնասպանություն է գործել։
Դատարանի որոշմամբ՝ դիրքի ավագ, ենթասպա Խալիլովը, զինծառայողներ Թանրիվերդիևը և Արազովը ձերբակալվել են։
Մահացած զինծառայողի հարազատները, սակայն, պնդում են, որ իրենց զինվորին իրականում սպանել են, ոչ թե նրան դրդել են ինքնասպանության։
Աշոտ Ասատրյան. ֆեյսբուք