Համշենահայերենը՝ UNESCO-ի անհետացող լեզուների ցանկում
«UNESCO»-ի հրապարակած «Անհետացող լեզուների քարտեզի» համաձայն՝ Թուրքիայում 11 լեզու անհետացման եզրին է, իսկ 3 լեզու` վաղուց արդեն մեռած։
Այդ լեզուների ցանկում են Տրապիզոնում միայն տարեցների շրջանում խոսվող պոնտոսյան հունարենը, Արթվինի Խոփա շրջանում խոսվող հայերենի յուրահատուկ բարաբռներից մեկը՝ համշենահայերենը, Չամլըհեմշինում առավելապես մեծահասակների շրջանում խոսվող լազերենը, Էդիրնեի տարածաշրջանում տարեցների շրջանում խոսվող գնչուական լեզուն, դարձյալ Էդիրնեում խոսվող գագաուզերենը, Թուրքիայում շուրջ 5-6 հազար անձանց շրջանում խոսվող սեֆարդերենը և այլն։
Թուրքական «Hürriyet» թերթը առանձին-առանձին խոսել է անհետացման եզրին գտնվող գրեթե բոլոր այս լեզուների ներկայացուցիչների հետ։ Համշենահայերենի կրողները հիմնականում բնակվում են Արթվինի Խոփա շրջանում։ Խոփայի Քեմալփաշա ավանում են բնակվում համշենահայ Այշե Ալգյուրը՝ որդու և հարսի հետ։ Նրա մյուս երեխաները տեղափոխվել են մեծ քաղաքներ։
«Երբ ես ծնվել եմ, այստեղ հայեր չեն եղել։ Նրանք գնացել էին, բայց իրենց լեզուն մնացել էր։ Աչքս բացեցի՝ համշենահայերեն լսեցի, մեծացա՝ թուրքերեն սովորեցի», – պատմում է Այշեն։
Քեմալփաշայում համշենահայերենը հիմնականում մեծահասակների շրջանում է խոսվում, իսկ երիտասարդների հետ թուրքերեն են խոսում։ Իսկ երբ տարեց համշենցիները մահանում են, համշենահայերեն խոսողների թիվն էլ հետզհետե նվազում է։ Այշեի խոսքով՝ այստեղ ոչ ոք համշեներենի այբուբենը չգիտի, գրել-արդալ՝ նույնպես։ Նա իր ողջ կյանքի ընթացքում որևէ համշենահայերեն գիրք չի տեսել։
Այշե Ալգյուրի հարևան Գյունայ Շերեմեթը միայն մասամբ է տիրապետում համշենահայերենին։ Իսկ նրա 5 և 7 տարեկան երեխաները, թեև հասկանում են համշենահայերեն, բայց չեն խոսում։ Շերեմեթը պատմում է, որ ամեն կերպ փորձել է երեխաներին համշեներեն սովորեցնել, բայց քանի որ թե բակում, թե դպրոցում իշխող լեզուն թուրքերենն է, երեխաները հեշտությամբ մոռանում են համշենահայերենը։