«Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը` ընթերցողների սեղանին
Հայաստանյան վերջին քաղաքական իրադարձություններն ամփոփվել են մեկ գրքում:
Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքն օգոստոսի 17-ից դրվել է ընթերցողների սեղանին:
Գրքում ներկայացված է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, մինչև մայիսի 8-ը, երբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ:
«Գիրքը նվիրված է թավշյա հեղափոխությանը: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, բացառիկ երևույթ է: Սա ոչ միայն հեղափոխություն էր, այլ համաշխարհային մակարդակի գործընթաց: Հայաստանում կատարվածը միջազգային հանրությունն ընկալել է որպես ունիկալ երևույթ», նշում է գրքի հեղինակ Ստեփան Գրիգորյանը:
Ի դեպ, սա հեղինակի առաջին մեծամասշտաբ աշխատությունն է: Ստեփան Գրիգորյանն առանձնահատուկ կարևորում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արդյունավետ աշխատանքը Թավշյա հեղափոխության իրականացման գործում: Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանը կոտրեց ամբողջ ընթացքում հրապարակում կանգնելու և հանրահավաք անցկացնելու ավանդույթը՝ տեղաշարժվելով ու քայլելով տարբեր տարածքներում: