ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին Սպիտակ տանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է The Hill-ը:
Պատասխանելով նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատժամիջոցների կարգավիճակի մասին հարցին, Մնուչինը նշել է, որ Ֆինանսների նախարարությունը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է նախապատրաստում: Ըստ նրա, պատժամիջոցները կազդեն բարձրաստիճան պաշտոնյաների վրա, եթե Անկարան հրաժարվի քահանա Էնդրյու Բրանսոնին թույլատրել ԱՄՆ վերադառնալ:
Բրանսոնը մեղադրվում է լրտեսության և քրդական ջոկատներին աջակցելու մեջ, ինչպես նաև 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպիչներին օգնելու համար: Քահանան, ով ավելի քան 20 տարի ապրում է Թուրքիայում, հերքում է բոլոր մեղադրանքները: Նրան մինչև 35 տարվա ազատազրկում է սպառնում: