Այս գործով քննարկվում է գեներալ Ռովշան Աքբարովի մասնակցությունը Կարեն Պետրոսյանի սպանությանը. փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանը Facebook-ի իր էջում արձագանքել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե գերեվարված Կարեն Պետրոսյանի գործով Ադրբեջանը պատասխանատվության չի կանչվել, քանի որ փաստաբանն ինքը չի պատասխանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցմանը։
Նա տեղեկացրել է՝ Կարեն Պետրոսյանի վերաբերյալ գործը այս պահին ՄԻԵԴ-ում ոչ միայն ցուցակներից հեռացված չէ, այլ ավելին՝ այն քննվել է ամենայն մանրամասներով:
«Այս գործով վեր են հանվել մի քանի հանգամանքներ, որոնք, հնարավոր է, բեկումնային նշանակություն ունենան Ադրբեջանի տարածքում գերեվարված հայերին կամ հայաստանցիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, իսկ ոմանց մասով՝ նաև սպանությունների հանգամանքների կապակցությամբ խտրական մոտեցման կանխավարկածի ձևավորման համար:
Այս գործով, առհասարակ, առաջին անգամ վեր է հանվել և քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից գերեվարված հայաստանցիների նկատմամբ «ծիսական սպանությունների» իրողությունը:
Հուսով եմ՝ ի վերջո միջազգային դատավորներն այս ակնբախ իրողությունը կարձանագրեն իրենց ակտերում, որպես հայատյացության ծայրահեղ դրսևորում:
Սույն գործով քննարկվում է նաև Հեյդար Ալիևի զինակից և մերձավոր բարձրաստիճան զինվորական, գեներալ Ռովշան Աքբարովի մասնակցությունը Կարենի սպանությանը, որի հանգամանքները, ըստ փորձագետների բացահայտած մանրամասների, այնքան սահմռկեցուցիչ են, որ այսքանով կսահմանափակվեմ:
Իսկ գործն այս փուլում սպասում է վճռին, քանի որ երկու հակառակորդ կողմերը և Հայաստանի կառավարությունը մեկ ամիս առաջվա դրությամբ արդեն ավարտել էին դիրքորոշումների փոխանակումը», - եզրափակել փաստաբան Վահե Գրիգորյանը։
Նշենք որ՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը 2014 թ. գերի էր ընկել ադրբեջանական կողմում և դաժանորեն սպանվել էր։ Ադրբեջանը նրան ներկայացրել էր որպես դիվերսանտ: