Ադրբեջանցի պատգամավորը՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու նպատակահարմարության մասին
Պետք չէ ՀԱՊԿ-ն դիտել բացառապես որպես ռազմական դաշինք։ Այս մասին haqqin.az-ին ասել է Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության եւ պետականաշինության կոմիտեի նախագահ Ալի Հուսեյնլին։
Ադրբեջանը, ըստ էության, համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն պաշտոնապես չունի այդ կարգավիճակը, ինչը նրան Հայաստանի հետ անհավասար դրության մեջ է դնում։ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի միանալու պարագայում ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար վերածվում է կազմակերպության գծով երկու գործընկերների միջև հակամարտության, որը նրան հիմք է տալիս դրա լուծման ուղղությամբ միջնորդական ջանքերի ակտիվացման համար»,-գտնում է նա։
Միաժամանակ, Հուսեյնլին հիշեցրել է այնպիսի տնտեսական պրեֆերենցիաների մասին, ինչպիսիք՝ սպառազինությունների արտոնյալ գներն են այդ կազմակերպության անդամների համար, ինչպես նաեւ ռազմական մասնագետների պատրաստումը ՀԱՊԿ գործընկեր երկրների մասնագիտական կրթական հաստատություններում․ «Այդ պատճառով Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հնարավորությունը արժի դիտարկել ամբողջ ուշադրությամբ»,-հայտարարել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության պարագայում կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում կդառնա չեզոք, հատկապես եթե, պատգամավորի կարծիքով, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Բելառուսը սատարում են Ադրբեջանի դիրքորոշումը․ «Այդ պատճառով կարելի է սկսել այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակից»,-հավելել է նա: