Այսօրվա իշխանությունները նույնիսկ փորձ էլ չեն անում, գուցե ինքնահավանությունից չեն էլ կռահում, փրկելու իրենց արագորեն «մաշվող» հեղինակությունը
Երբ մարդ անձնական կապեր և շահագրգռություններ ունի իշխանությունների հետ, ապա նա միշտ «կրծքով» պաշտպանելու է նրանց, անկախ իշխանությունների վարած քաղաքականությունից, որը նրան չի էլ հուզում։
Կարևորը իր պաշտոնն է, իր եկամուտները, իր բավարարված սնափառությունը և այլն․․․ Սա պատմականորեն հաստատված ճշմարտություն է։ Նման մարդիկ են զբաղեցրել մեր պետության պաշտոնները ինչպես անցյալում, այնպես էլ այսօր:
Միայն մի դեպքում նրանք կլքեն իրենց հովանավորին, երբ պարզվի, որ նա զրկվում է իշխանությունից կամ գահը կրկին վերցնելու ոչ մի հույս չկա, քանզի նրանց միակ ձգտումը իշխանությունն է։ Զարմանալի է, որ այսօրվա իշխանությունները նույնիսկ փորձ էլ չեն անում, գուցե ինքնահավանությունից չեն էլ կռահում, փրկելու իրենց արագորեն «մաշվող» հեղինակությունը պետության իրական զարգացումն ապահովող քայլերով։
Ժամանակին Ֆրանսիացի հանրահայտ մի գրող, խոսելով Ռոբեսպիեռի մասին, գրել էր, որ այդպես էլ անհայտ մնաց, թե նա ձգտում էր դիկտատուրայի իր, թե երկրի համար:
Եթե մարդ չի գնահատում իշխանության ընձեռած հնարավորությունները ինչպես իր, այնպես էլ երկրի համար, ուրեմն նա ոչ իր, ոչ էլ երկրի համար է հայտնվել գահին։ Նրան պարզապես սկուտեղի վրա մատուցել են իշխանությունը, որի հետ, բնականաբար, մարդիկ չգիտեն ինչ անել․․․ և բնական է, որ ցանկացած քննադատություն և առաջարկություն նրանք ընդունելու են թշնամաբար։
Նախկինները փորձում էին իրենց քննադատողներին պաշտոն տալ և այդպիսով յուրային դարձնել նրանց։ Երևի այսօր այնքան մեծ է պաշտոնների սպասող քայլամարտիկների հերթը, որ ընդդիմադիրների համար տեղ չկա։
Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ կեղծ ընդդիմություն, որի նպատակը միայն ու միայն իշխանությունն է, չի ձևավորվելու երկրում, թեև սա ունի իր դրական կողմը․ այն բոլոր քննադատությունները, որոնք այսօր հնչում են իշխանությունների հասցեին, արվում են երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց կողմից և միայն մի նպատակով՝ իշխանություններին գոնե ուշքի բերելու․․․ և առավել անընդունելի է, որ իշխանությունները սա չեն գիտակցում, այլապես նրանք կզսպեին իրենց կուսակցականներին կամ նրանց համախոհներին՝ քիչ զուսպ լինել իրենց հայրենակիցների հետ, որոնց միակ «մեղքն» այն է, որ պարզապես մաս չլինելով իշխանությանը, չունենալով ոչ մի շահագրգռություն, բարձրաձայնում են իրենց մտահոգությունները երկրի և ներկայի, և ապագայի մասին։
Արմեն Հարությունյան. ֆեյսբուք