Վաղվանից կսկսվեն Արմավիրի մարզում կարկուտի հասցրած վնասի գնահատման աշխատանքները. Արարատ Միրզոյան (լուսանկարներ)
Վաղվանից կսկսվեն Արմավիրի մարզում կարկուտի հասցրած վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: «Այսօր այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։
Վստահ ենք, որ կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը»,-գրել է Արարատ Միրզոյանը։
Նա նաև հավելել է, որ միաժամանակ անհրաժեշտ են համակարգային լուծումներ: «Մենք հետևողականորեն աշխատելու ենք, որ արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ, տարածում գտնեն հակակարկտային ցանցերը»,-նշել է առաջին փոխվարչապետը։
Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ վնասներ է հասցրել կարկուտը բերքին: