ԵԱՀԿ ներկայացուցիչը Ադրբեջանում լրատվական կայքերի արգելափակումը ծայրահեղ միջոց է համարել
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրատվական կայքերի արգելափակման առնչությամբ։
Contact.az–ը հայտնում է, որ վերջերս Ադրբեջանում դիֆամացիայի պատճառով տեղեկատվական կայքերի արգելափակումից հետո ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը օգոստոսի 10-ին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին սեղմ ժամկետներում բարեփոխել լրատվամիջոցների մասին օրենքներն ու նորմատիվ ակտերը։
Նա շեշտել է հանրային նշանակության բոլոր հարցերով պլյուրալիստական բանավեճի խրախուսման անհրաժեշտությունն ինչպես օֆֆլայն, այնպես էլ համացանցում.
«Վեբ–կայքերի արգելափակումը ծայրահեղ միջոց է, որը կարող է լռեցնել քննադատության ձայները, հատկապես եթե դրանք պայմանավորված են դիֆամացիայի շուրջ բավականին վիճելի հայտարարություններով։
Սա խոչընդոտում է տեղեկատվությանը հանրության հասանելիությանը եւ բացասաբար է ազգում լրատվամիջոցների պլյուրալիզմի և խոսքի ազատության վրա»,–ասել է Դեզիրը։
Ըստ հաղորդագրությունների՝ օգոստոսի 7-8-ը Տրանսպորտի, կապի եւ նորագույն տեխնոլոգիաների նախարարության խնդրանքով Բաքվի շրջանային դատարանները կարգադրել են արգելափակել 4 լրատվական կայքեր, դրանք են՝ az24saat.org, xural.com, arqument.az եւ monitortv.info։
«Զանգվածային լրատվության միջոցներին առնչվող ցանկացած սահմանափակող միջոց կարող է արդարացվել միայն միջազգային չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ հիմնված չափազանց հստակ իրավաբանական հիմնավորումների և ոչ խտրական չափորոշիչների վրա»,–շեշտել է Դեզիրը։
2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն էր հայտնել «Ազադլիգ» (azadliq.info) թերթի կայքի, «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության (azadliq.org), ինչպես նաեւ լրատվական «Ադրբեջանական ժամ» (azerbaycansaati.com եւ azerbaycansaati.tv), Meydan TV (meydan.tv) եւ Turan TV (kanalturan.com) պորտալների շարունակվող պետական արգելափակման շուրջ։
Հուլիսի 23-ին Դեզիրը դիմել է երկրի իշխանություններին՝ խնդրելով պարզաբանել Bastainfo.com, Criminalaz.com, Topxeber.az եւ Fia.az առցանց հարթակների արգելափակման պատճառներն ու հիմնավորումների օրինականությունը։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ երկրի ամենամեծ մեդիախմբին՝ ԱՊԱ հոլդինգին պատկանող մի քանի պարբերականներ 2018 թվականի օգոստոսի 1-ից կասեցրել են իրենց գործունեությունը։