Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. Տաջիկստանի նախագահ
Բաքվում գտնվող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, հայտնում է minval.az-ը:
«Մենք նաև կարծիքներով ենք փոխանակվել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ:
Մենք հայտնում ենք առկա հակասությունների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներին մեր ամուր հանձնառությունը՝ ընդունված միջազգային նորմերի և չափանիշների շրջանակում:
Մեր համոզմամբ՝ քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը նման բարդ խնդրի, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ամենակառուցողական ճանապարհն է»,- ասել է Ռահմոնը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ հայտարարությունում:
Նա ընդգծել է, որ Բաքուն և Դուշանբեն կողմ են արտահայտվել միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, արմատական կրոնական գաղափարախությունների, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի շրջանառության և անվտանգության այլ սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը:
Էմոմալի Ռահմոնը հավելել է, որ բոլոր հարցերի առնչությամբ Տաջիկստանի և Ադրբեջանի դիրքորոշումները «համընկնում են», ինչը լավ հիմք է համագործակցության և սերտ փոխգործակցության համար: