Իրաքն Իրանի հետ առևտրում կհրաժարվի դոլարից
Իրաքն Իրանի հետ գործարքներում ստիպված կլինի հրաժարվել դոլարից՝ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաադ ալ-Հադիսին:
«Պատժամիջոցները կանդրադառնան նախևառաջ դոլարով դրամական փոխանցումների և բանկային գործարքների վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ամերիկյան արժույթից հրաժարվելը երկկողմ առևտրում անկում կառաջացնի, ինչն իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ սպառողի վրա:
«Իհարկե, պահպանել առևտրային հարաբերությունների մակարդակը, որ եղել է մինչ պատժամիջոցները, չի ստացվի»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, ալ-Հադիսին վստահեցրել է, որ կառավարությունը «նոր մեխանիզմ» է որոնում երկկողմ առևտրի աջակցման համար:
«Ցանկացած դեպքում կառավարությունը կձգտի լուծել այդ առնչությամբ առաջացած բոլոր խնդիրները, կզբաղվի համապատասխան մեխանիզմների որոնմամբ, որպեսզի չեզոքացնի Իրաքի շուկայի վրա պատժամիջոցների ազդեցությունը, ինչպես նաև թույլ չտա Իրանի քաղաքացիների շահերին վնասի հասցնում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրաքի իշխանությունները դադարեցրել են Իրանի ֆինանսական հաստատությունների հետ բանկային փոխանցումները՝ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո:
Հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրաքի կենտրոնական բանկ է ուղղել նամակ, որում պարտավորեցրել է իրաքյան բանկերին «դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության բանկերի հետ բոլոր գործարքները»՝ սպառնալով «սառեցնել նրանց ակտիվները և «սև ցուցակում» ներառել»:
Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը:
Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը:
Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:
Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում:
Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի դեմ նախկին պատժամիջոցները վերականգնելու մասին: