Ամերիկուհին վիճակախաղով 1 մլն դոլար է շահել՝ երազի շնորհիվ
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի բնակչուհի Մերի Ուիլսոնը վիճակախաղի տոմսում նշել է երազում տեսած թվերն ու մեկ միլիոն դոլար շահել: Այս մասին տեղեկացնում է UPI-ն:
Ուիլսոնի խոսքով՝ ինքը երազում տեսել է այդ թվերը տարիներ առաջ ու միշտ հավատացել, որ դրանք հաջողություն կբերեն իրեն: Վիճակախաղի մասնակցելիս կինը միշտ ընտրել է այդ թվերը, և այս անգամ վեց թվերից հինգը համընկել են, ինչի շնորհիվ էլ նա ստացել է երկրորդ մրցանակը:
Նշվում է, որ Ուիլսոնն իր ամուսնու և երկու ընկերների հետ Նյու Յորք է գնացել՝ շահումը վերցնելու համար:
«Մենք բոլորս վիճակախաղի տոմսեր ենք գնում, ու պայմանավորվել էինք, որ կկիսենք շահած գումարը», - ասել է նա:
Բոլոր հարկերը վճարելուց հետո յուրաքանչյուրին հասել է գումարի մեկ քառորդը՝ 168.039 դոլար: