Մեքսիկայում վերջին 18 տարում 138 լրագրող է սպանվել
Մեքսիկայում 2000 թվականից ի վեր սպանվել է 138 լրագրող, հայտնում է երկրի Մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնաժողովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանձնաժողովի տվյալներով՝ լրատվամիջոցների ևս 21 աշխատակից անհետ կորել է 2005 թվականից: «Լրատվամիջոցների աշխատակիցների սպանությունների և անհետացումների տագնապալի աճն արտացոլում է այն, ինչը անվտանգության ոլորտում տեղի է ունենում ազգային մակարդակով»,- նշված է իրավապաշտպանների զեկույցում:
2017 թվականին երկրում կատարված սպանությունների թիվը գրեթե 31,2 հազար է կազմել, ավելի վաղ հայտնել էր երկրի Վիճակագրության եւ աշխարհագրության ազգային ինստիտուտը:
Մեքսիկան վերջին տարիներին համակված է բռնության ալիքով, որը մեծ մասամբ պայմանավորված է ԱՄՆ կոկաինի տարանցման վերահսկողության համար թմրակարտելների դիմակայությամբ: Այս տարվա սկզբից Մեքսիկայում սպանվել է ընդհանուր մոտ 16 հազար մարդ, ինչը 18 տոկոսով ավելի է 2017 թվականի առաջին կեսի նույն ցուցանիշից: