Թե ինչ են պարզել, ավելի ուշ կհայտնենք. Սփյուռքի փոխնախարարը՝ ՊՎԾ-ի անցկացրած ստուգումների մասին
Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ստուգումներ է իրականացնում Սփյուռքի նախարարությունում, ստուգումների արդյունքները շուտով պատրաստ կլինեն:
Սփյուռքի նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց փոխնախարար Դավիթ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե պարզել են արդյոք՝ ինչպիսի չարաշահումներ են եղել նախորդ տարի նախարարության կազմակերպած ծրագրերի մասով:
«Թե ինչ են պարզել, ավելի ուշ կհայտնենք: Ունենք որոշակի տեղեկատվություն, բայց քանի դեռ պաշտոնապես չենք ստացել իրենցից արդյունքները, չենք կարող ներկայացնել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, խոսելով նախորդ տարիներին կազմակերպված «Արի տուն» ծրագրի մասին, նշել էր․ «Երեխաների երկուանգամյա սննդի համար ներկայացված է ութ հազար դրամ: Պարզ է չէ՞ 4000 դրամով այդ ի՞նչ լանչ պիտի լինի, գա՞ռ պիտի մատուցեն ամեն երեխայի համար, սև խավիա՞ր:
Այստեղ խնդիրներ կան, այո, միգուցե օրինական առումով կարող ես քեզ նման շռայլություն թույլ տալ, բայց ամեն մի դրամը, որ հարկատուն մեզ է վճարել առավել արդյունավետ ու նպատակամղված ծախսել: Այս իմաստով լուրջ կասկածներ ունեմ»:
Նա նաև տեղեկացրել էր, որ կան համապատասխան մարմիններ, որոնք կուսումնասիրեն և հանրությանը կներկայացնեն, թե արդյոք հիմնային էին իրենց կասկածներն ու մտահոգությունները: