«Քայլ դեպի տուն» ծրագիրն իր բնույթով աննախադեպ է լինելու մասնակիցների քանակի առումով. փոխնախարար
Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց.
«Այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագիրն իր բնույթով աննախադեպ է լինելու մասնակիցների քանակի առումով. շուրջ հինգ հարյուր պատանիներ միաժամանակ են գալիս Հայաստան:
«Քայլ դեպի տունը» «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի միաձուլումն է: Մեզ համար առաջնային նպատակ էր, որ ծրագիրն իրականացնելու համար կազմակերպվի մրցույթ, ոչ թե մեկ-երկու, այլ ավելի շատ կազմակերպություններ հնարավորություններ ունենան մասնակցելու»,-ասաց նա՝ նշելով, որ հայտարարված մրցույթին չորս կազմակերպություններից հաղթել է «Լոռե հոլդինգը»:
«Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանն էլ ներկայացրեց, որ ծրագիրը ուսումնաճանաչողական է, ունի հայրենապահպանության նպատակ և բաղկացած է երկու մասից:
Առաջին հատվածը, որն ուսումնական բաղադրիչն է, ըստ նրա, ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ, Հայոց պատմության դասավանդում, իսկ երկրորդը՝ ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև՝ մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր:
Փոխնախարար Դավիթ Սարգսյանն էլ հավելեց, որ այս տարի ծրագիրն իրականացվում է նաև մի շարք մասնավոր ընկերությունների մասնակցությամբ, ինչը հնարավորություն է տվել խնայողություններ անել:
«Արդեն հաջորդ տարի ծրագրերի միավորումով հնարավոր կլինի մոտավորապես 50 միլիոն դրամի խնայողություն անել: Ինչո՞ւ այս տարվա մասին չեմ նշում, որովհետև այս տարվանն արդեն իրականացվում է նախորդ տարվա նախատեսած բյուջեով»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց համար կարևոր էր նաև, որ մյուս ծրագրերի շրջանակներում ևս խնայողություններ լինեն: